Wikimedia Armenia Extraordinary General Assembly/Questions/1

From Meta, a Wikimedia project coordination wiki


Ինչո՞ւ եք ուզում դառնալ Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի անդամ։

Հարց Վիքիմեդիա Հայաստանի հանրությունից
Արամ Սողոմոնյան (Sigma'am)
Կազմակերպության անդամ եմ շատ վաղուց․ ծանոթ եմ կազմակերպությանը, տեսել եմ նրա երբեմնի հզորությունը։ Ցանկություն կա խորհրդի կազմում փորձել լուծել խնդիրները։
Մարիամ Կարապետյան (MariamKarapetyan49)
Ցանկանում եմ դառնալ Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի անդամ, որպեսզի իմ փորձով և գիտելիքով այն վիքիհամայնքի համար ավելի թափանցիկ և պրոակտիվ դարձնեմ, նպաստեմ կազմակերպության խնդիրների լուծմանը և հաղթահարմանը, բնականոն գործունեության վերականգնմանը, ինչպես նաև նորարարական մեթոդների ներդրմամբ նոր հնարավորությունների ստեղծմանը։
Արգամ Հակոբյան (Angel X)
Վիքիմեդիա Հայաստանում ունեցած գործունեության արդյունքում այն ինձ համար դարձել է ոչ միայն հարազատ կազմակերպություն, այլ նաև կյանքի իմաստ (ինչ-որ առումով): Երկար տարիներ խմբագրելով Հայերեն Վիքիպեդիայում և մի քանի տարի լինելով Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության անդամ և դառնալով կազմակերպության մասնիկը՝ ցանկանում եմ դառնալ խորհրդի անդամ, որովհետև վստահ եմ, որ խորհրդի անդամ դառնալու արդյունքում կարող եմ ավելի շատ և ավելի կարևոր աշխատանք կատարել կազմակերպության համար: Շատ ժամանակ միայն կազմակերպության անդամ լինելը բավարար չէ և անհրաժեշտություն եմ նկատում խորհրդի անդամ դառնալու և Վիքիմեդիա Հայաստանի շահերը որպես խորհրդի անդամ պաշտպանելու գործում:
Գարրի Դավթյան (Garry Davtyan)
Ցանկանում եմ դառնալ Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի անդամ, որպեսզի նպաստեմ Հայաստանում վիքիշարժման ակտիվացմանը, իմ գաղափարների և առաջարկած մեթոդաբանությամբ երիտասարդության ու հատկապես դպրոցականների շրջանում գիտական, կրթական և խմբագրական նախասիրությունների և համապատասխան ունակությունների սերմանմանն ու զարգացմանը։ Արդի դարաշրջանում Վիքիպեդիան հանդիսանում է որպես առաջին տեղեկատվական գործիք գրեթե ցանկացած ոլորտում, լինի դա ուղղակի ծանոթացում որևէ թեմայի հետ, թե մասնագիտական որևէ լուրջ եզրույթի ուսումնասիրություն, ուստի Հայերեն վիքիպեդիայում զանգվածային, օբյեկտիվ և ծանրակշիռ հոդվածների ստեղծման, խմբագրման ու տարածման համար միտված կազմակերպչական միջոցառումները համարում եմ ներկայիս խիստ հրամայականը։
Տիգրան Զարգարյան (Tigranzarg)
Ցանկանում եմ դառնալ Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի անդամ, որպեսզի իմ փորձը և գիտելիքները ծառայեցնեմ վիքիհամայնքի կյանքը ավելի թափանցիկ և արդյունավետ դարձնելուն, նպաստեմ կազմակերպության ակտիվ ներկայացվածությանը միջազգային հարթակներում, նորարարական մեթոդների ներդրմանը առօրյա աշխատանքներում։
Դավիթ Մինասյան (Dminasyan)
Կարևորելով Վիքիմեդիա Հայաստանին դերը Հայերեն Վիքիպեդիայի և հայերեն կոնտենտի զարգացման գործում՝ ցանկանում եմ իմ գիտելիքներն ու փորձը ներդնել կազմակերպության աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար, հատկապես կրթական ոլորտում։
Էլեն Հարությունյան (ElenHar)
Ցանկանում եմ դառնալ Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի անդամ, քանի որ շատ եմ կարևորում կազմակերպության դերն ու նշանակությունը հասարակության զարգացման և իրազեկման գործում և ցանկանում եմ իմ փորձը, գիտելիքները և կառավարման հմտությունները ծառայեցնել ի շահ մեր կազմակերպությանը։
Գոհար Ղուլյան (Dahila26)
Ցանկանում եմ դառնալ Վիքիմեդիա Հայաստանի խորհրդի անդամ, քանի որ կարծում եմ, ունենալով կամավորական աշխատանքի հսկայական փորձ, կարող եմ նպաստել Վիքիմեդիա Հայաստանի զարգացմանը։ Սովորելով պետական կառավարման մասնագիտությամբ՝ կարծում եմ, որ կարող եմ էապես նպաստել կազմակերպության կառավարման աշխատանքներին։