Wikimedia Armenia Extraordinary General Assembly/Questions/5

From Meta, a Wikimedia project coordination wiki


Ո՞րն եք համարում Վիքիմեդիա Հայաստանի դերը կրթության, գիտության և մշակույթի ոլորտում։

Հարց Վիքիմեդիա Հայաստանի հանրությունից
Արամ Սողոմոնյան (Sigma'am)
Վիքիմեդիա Հայաստանը, հավատարիմ իմ դերին և ունենալով վիքի հարթակը, կարող է դառնալ լուրջ դերակատար կրթության, գիտության և մշակույթի ոլորտում։ Նշված 3 ոլորտներն էլ պետք է առաջնային լինեն։
Մարիամ Կարապետյան (MariamKarapetyan49)
Վիքիմեդիա Հայաստանի դերը վերոնշյալ ոլորտներում մեծապես թերագնահատված է մեր օրերում։ Շատերը այն դիտարկում են որպես գիտելիքի ու տեղեկատվության՝ ընդամենը արտալսարանային կամ պարզապես սիրողական աղբյուր, սակայն քչերը գիտեն, որ Վիքիմեդիա Հայաստանը համատեղ ծրագրեր է իրականացնում ինչպես հանրակրթական, այնպես էլ բարձրագույն կրթական հաստատությունների (օրինակ՝ Բրյուսովի պետական համալսարանի, Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի) և առանձին կառույցների հետ (Կենտրոնական բանկ, մի շարք թանգարաններ և այլն)։ Յուրաքանչյուր ծրագիր կամ նախաձեռնություն միտված է՝ հարստացնելու համապատասխան ոլորտին, այդ թվում՝ գիտությանն ու մշակույթին առնչվող տեղեկատվությունն ու գիտելիքը։ Որոշ նախաձեռնություններ ձևավորել են ամենամյա ավանդույթներ, օրինակ՝ ակադեմիական պրակտիկայի տեսքով, որոշներն էլ նույնիսկ մասնագիտական կրթական ծրագրերի մաս կազմելու և ձևավորման փուլում են։ Այդուհանդերձ, դեռևս անհրաժեշտ է լայն հասարակությանը ներկայացնել Վիքիմեդիա Հայաստանի՝ ահռելի հնարվորությունների բազան, ինչն էլ խորհրդի անդամ դառնալուս պատճառներից մեկն է։
Արգամ Հակոբյան (Angel X)
Կարծում եմ, որ Վիքիմեդիա Հայաստանը դպրոցներից և այլ կրթական հաստատություններից զատ ունի մեծ դեր կրթության ոլորտում, որովհետև ինֆորմացիա հիմնականում մարդիկ ստանում են Վիքիպեդիա կայքի միջոցով: Եվ ինչպես նշեցի նախորդ հարցում, «Վիքիդասարանների» նախագիծը կարող է ավելի մեծացնել կրթության հետ եղած կապը: Կրթության ոլորտում հատկանշական է եղել նաև Վիքիմեդիա Հայաստանի և համալսարանների հետ համագործակցությունները և «Վիքիբժիշկ» նախագծի իրականացումը, որոնց արդյունքում Հայերեն Վիքիպեդիայում շատացել են մասնագիտական հոդվածները և վստահ կարելի է նշել դրանց բարձր որակը: Վիքիպեդիան հանդիսանում է ինքնակրթվելու տարբերակներից, ինչից էլ բխում է, որ լավ կառավարվող Վիքիմեդիա Հայաստանը կարող է այդ տարբերակը դարձնել լավագույն տարբերակներից: Մշակույթի ոլորտում հատկանշական են եղել տարբեր գրադարաններում, մշակույթի տներում և թանգարաններում կազմակերպված խմբագրաթոնները և կարծում եմ դրանք պետք է ավելի հաճախակի բնույթ կրեն... Ելնելով նախորդ նշածս պատճառներից՝ կարծում եմ, որ Վիքիմեդիա Հայաստանի դերը կրթության, գիտության և մշակույթի ոլորտում ուղղակի անգնահատելի է:
Գարրի Դավթյան (Garry Davtyan)
Վիքիմեդիա Հայաստանը, ծավալելով իր գործունեությունը առավելապես գիտակրթական ոլորտում, ունի ճանաչելի լինելու ու զանգվածային ներգրավման հետ կապված խնդիր։ Վիքիպեդիան, հանդիսանալով թերևես աշխարհում ամենահայտնի տեղեկատվական ռեսուրսը, թերագնահատված է որպես ծանրակշիռ ու գիտական հիմք ունեցող տեղեկության աղբյուր, քանի որ լայն շրջանակները տեղյակ չեն Վիքիպեդիայի խմբագրական, ծանոթագրական ու արտաքին հղումների աղբյուրներին, դրանց ծագումնաբանությանը։ Այդ առումով առաջնային է այդ աշխատանքներում արդեն իսկ առկա գիտական, կրթական հաստատությունների, այդ թվում բուհերի, դպրոցների, այլ կրթական միավորների ներգրավումը, նրանց հնարավոր ներդրումն ու մասնակցությունը հոդվածների ստեղծմանը, ստուգմանը, խմբագրմանն ու տարածմանը։ Վիքիպեդիան, կարողանալով կապել իր հանրագիտարանային-տեղեկատվական գործառույթը կրթական բաղադրիչի հետ (ի դեմս բուն խմբագրման գործընթացում տեղեկության յուրացման ու խմբագրական ձիրքերի զարգացման) կարող է հանդես գալ որպես համալիրային և ունիվերսալ գործիք գիտակրթական ոլորտում։
Տիգրան Զարգարյան (Tigranzarg)
Վիքիմեդիա Հայաստանի դերը կրթության, գիտության և մշակույթի ոլորտում պետք է բաժանել երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ փուլերի։ Երկարաժամկետ դերակատարությունը պետք է լինի դարերի ընթացքում հայ ազգի ստեղծած ժառանգությունը հավուր պատշաճի ներկայացնելը։ Սա ինքնակարգավորվող շարունակական աշխատանք է, և կարևորը՝ հետ չմնալ համաշխարհային տեխնոլոգիական զարգացումներից, դրանք ժամանակին ներկայացնել Հայաստանի Վիքի-հանրությանը։ Միջնաժամկետ առումով հարկ կլինի սերտ համագործակցություն հաստատել համալսարանների և ակադեմիական ինստիտուտների երիտասարադ գիտաշխատոների, հայցորդների և ակտիվ ուսանողների հետ, ովքեր ունեն ասելիք և պատրաստ են այդ ասելիքը բովանդակության տեսքով ներկայացնել հանրությանը։ Չպետք է աչքաթող անել թանգարաններին և գրադարաններին։ Կարճաժամկետ առումով հարկ է կազմակերպել ամենօրյա աշխատանք Վիքի լսարանի հետ, լսել նրանց կարծիքը և արդյունքում շտկել կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները։
Դավիթ Մինասյան (Dminasyan)
Քանի որ ինքս աշխատում եմ կրթության ոլորտում, ականատես եմ եղել Վիքիպեդիայի և այլ նախագծերի կարևորությունը, այդ իսկ պատճառով անգնահատելի է Վիքիմեդիա Հայաստանի ներդրումը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։ Իմ կարծիքով Վիքիմեդիա Հայաստանի կողմից կազմակերպված նախագծերի ժամանակ ստեղծված թեմատիկ հոդվածները էապես ազդում են մեր հասարակության կրթական, մշակութային մակարդակի բարձրացմանը։
Էլեն Հարությունյան (ElenHar)
Ես գտնում եմ, որ Վիքիմեդիա Հայաստանն ունի բավականին կարևոր դեր և նշանակություն մեր օրերում կիրթ և զարգացած սերունդ ունենալու գործում։ Քանի որ ինքս մասնակցություն եմ ունեցել կազմակերության նախաձեռնած միջոցառումներին, շատ լավ տեղյակ եմ և բարձր եմ գնահատում կազմակերպության ջանքերը՝ հնարավորինս շատ մարդկանց կրթելու, ուսանելու և իրազեկելու առումով։ Կազմակերպության դերը համարում եմ ոչ միայն հայերեն Վիքիպեդիայի հարստացումն ու զարգացումը, այլ նաև միջազգային շատ հարթակներում և նախագծերում մեր երկրի և մշակույթի մասին լուսաբանումը։
Գոհար Ղուլյան (Dahila26)
Կարևորում եմ Վիքիմեդիա Հայաստանի դերը գիտակրթական ոլորտում, պետք է շարունակել արդեն իսկ գոյություն ունեցող նախագծերը՝ ներդնելով նոր գաղափարներ։ Կարևորում եմ Վիքիմեդիա Հայաստանի և գրադարանների, արխիվների, գիտական կենտրոնների հետ համագործակցությունները և իմ փորձով կնպասեմ այդ կապի զարգացմանը։ Մշակութային վիքինախագծերը մեծապես ազդել են ոչ միայն Հայերեն Վիքիպեդիայի զարգացմանը, այլև հասարակության մշակութային գիտակցության բարձրացմանը։ Ինքս կձգտեմ ապահովել այդ նախագծերի շարունակականությանը։